Բրիտանական ստարտափը էլիտար օդային տաքսի է նախագծել
Vehicle Redesign ստարտափը սկսել է իր NeoXcraft XP2 աերոտաքսիի առաջին լայնամասշտաբ նախատիպի նախագծումը, գրում է Flightglobal-ը:
«Թռչող մեքենան» շուկա կմտնի 2022-ին՝ մոտ 2.4 միլիոն դոլար գնով: Բարձր գինը պայմանավորված է նրանով, որ նախագծին «ավտոմոբիլային հայտնի լյուքս դասի ապրանքանիշ» է մասնակցում, որի անունը դեռևս չի բացահայտվել: «Մեր մոդելի նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում էլիտային ճանապարհորդությունների ոլորտը»,- ասել է Vehicle Redesign-ի համահիմնադիր Մայքլ Սմիթը: Նրա խոսքերով, արդեն բանակցություններ են ընթանում Ճապոնիայից, ԱՄԷ-ից, Մոնակոյից և Սաուդյան Արաբիայից օպերատորների, ինչպես նաև աշխարհի մի շարք օդանավակայանների հետ:
Սարքը պատրաստվելու է գրաֆենային ծածկույթով «չափազանց թեթև» ածխածնային պլաստիկից: NeoXcraft XP2-ը հագեցած կլինի 30 կՎտ հզորությամբ ութ էլեկտրական շարժիչով: Սարքը կունենա մոտ 230 կմ (օդում 50 րոպե մեկ լիցքավորմամբ) թռիչքի հեռավորություն: Առավելագույն արագությունը ժամում 250 կմ է: Խափանման դեպքում վթարային պարաշյուտային համակարգ է նախատեսված:
Ընկերությունը պատրաստի նախատիպը կցուցադրի Մեծ Բրիտանիայի Ֆարնբորո ավիասրահում 2020-ի հուլիսին: