Քոչարյանը նորից բռնազավթել է մեր մտածողությունը
Ավելի քան երկու տասնամյակ մեր միտքը զբաղված է եղել հետևյալ հարցադրումով․ ինչպե՞ս կազմաքանդել ռոբասերժական քրեաօլիգարխիկ համակարգը։ Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բռնազավթել են ոչ միայն իշխանությունը, այլ նաև մեր մտքերը։ Գուցե աբսուրդային է հնչում, բայց իսկապես այդպես է։ Մտածողությունը սահմանափակվել է ընդամենը մեկ հարցադրումով, և դրա ընթացքով է պայմանավորվել մեր քաղաքական առօրյան, որը ոչ պակաս կաղապարված է, քան հարցադրումը։ Սա օրինաչափություն է․ գործնական բաղադրիչը չի կարող լայն և ունիվերսալ լինել, եթե դրա տեսական հիմքը նեղ է ու ոչ շարժական։
Գուցե սա քաղաքական մտածողության ամենաիդեալական տարակերպը չէ, բայց, այնուամենայնիվ, այն հիմնավորված է ու պահանջարկված։ Այլընտրանք չկար, արատավոր ռեժիմն իսկապես պետք է արմատախիլ արվեր, քանի որ դա էր քաղաքական օրակարգի ամենաառաջնային հիմնախնդիրը։
2018-ի հեղափոխական հեղեղի արդյունքում քրեաօլիգարխիկ համակարգը ոչնչացվեց ու կազմաքանդվեց։ Տասնամյակների ընդմիջումից հետո իշխանությունը վերջապես ազատագրվեց ուզուրպատորների տիրապետությունից, որին տրամաբանորեն պետք է հաջորդեր նաև մտածողության ազատագրման գործընթացը։ Մտածողության ազատագրումը, իհարկե, չի սահմանափակվում միայն մտքի և խոսքի ազատության հիմնարար իրավունքների ամրագրման փաստով։ Դա ավելին է, քան հենց ինքնին փաստի արձանագրումը, քանի որ ունենալ մտքի և խոսքի ազատություն, դեռևս չի նշանակում նախաձեռնել մտքի և մտածողության արտադրություն։ Խնդիրը կարողության և հնարավորության տարածությունում է, իսկ վերջիններս էլ արժեքային ածանցյալներն են կենսունակ հարցադրման։ Եկանք ու հասանք ամենակարևոր հիմնախնդրին, որտեղ առաջնային է հետևյալ հարցը․ հեղափոխությունից հետո տեղի ունեցե՞լ է արժեքային հարցադրման տրանսֆորմացիա, այլ խոսքով՝ ռեժիմի կազմաքանդման հարցադրումը կերպափոխվե՞լ է այլ հարցադրման, որը տրամաբանորեն պետք է պայմանավորվի նոր իրականության թելադրած պահանջարկով։
Իմ համոզմամբ՝ ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունեցել, այսինքն՝ պետությունն ու քաղաքական համակարգը փոխվել են, բայց գոյաբանական հարցադրումը մնացել է նույնը, ինչն էլ պատճառ է դարձել արժեքային կոնֆլիկտի ձևավորման համար։
Կարծում եմ՝ այստեղ որևէ տրամաբանություն լինել չի կարող, քանի որ, եթե ռեժիմը կազմաքանդվել է, ապա պետք է փոխվի նաև դրա կազմաքանդումը մարմնավորող հարցադրումը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: