Իսրայելում հայկական հյուպատոսություն կբացվի, և մենք ակտիվ աշխատանքներ ենք տանում Երևանում Իսրայելի դեսպանատան բացման ուղղությամբ. Զոհրապ Մնացականյան
Իսրայելում հայկական հյուպատոսություն կբացվի, եւ մենք ակտիվ աշխատանքներ ենք տանում Երեւանում Իսրայելի դեսպանատան բացման ուղղությամբ: Տվյալ հարցը ներառված է մեր օրակարգում:
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նախարարի խոսքով՝ այս տարի Իսրայելի եւ Հայաստանի միջեւ բավականին բեղմնավոր գործունեություն է ծավալվել, եւ լուրջ հիմքեր կան երկու երկրների միջեւ հետագա համագործակցության զարգացման համար:
«Մենք ակտիվ աշխատանքներ ենք տանում աշխարհում մեր դիվանագիտական ներկայությունն ընդլայնելու համար: Մեր ռեսուրսները բավականին համեստ են, եւ մենք հաճախ դիմում ենք ձեւաչափի, երբ մի կենտրոնից միանգամից մի քանի երկիր ենք ծածկում: Մենք հստակ պատկերացում ունենք, թե ինչպես ենք զարգացնում աշխարհում մեր դիվանագիտական ներկայությունը»,- նշեց Մնացականյանը:
Նախարարը հավելեց, որ Երևանը մտադիր է նաև ամրապնդել Հարավարևելյան Ասիայում իր դիրքերը: