Չեմ կարծում, որ պատեհ է համեմատել Շիշկինի դեպքը Միհրան Պողոսյանի դեպքի հետ. ԱԳ փոխնախարար (Տեսանյութ)
«Որքան ես գիտեմ, քաղաքական ապաստանի մասին չէ խոսքը: Բայց պետք է նորից ավելի ուշադիր ծանոթանամ, որից հետո տամ գնահատական»,- այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ռուս ընդդիմադիր գործիչ Վիտալի Շիշկինին ՀՀ-ում ապաստան տալու լուրերին:
Դիտարկմանը, որ կա տեսակետ, որ դա Հայաստանի պատասխանն է Միհրան Պողոսյանին չարտահանձնելու, Շավարշ Քոչարյանն ասաց. «Ամեն դեպքում չեմ կարծում, որ պատեհ է համեմատել այդ դեպքը Միհրան Պողոսյանի դեպքի հետ»:
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, Հայաստանը քաղաքական ապաստան է տվել ռուս ընդդիմադիր, ուլտրաաջ հասարակական- քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ «Ես շնորհակալ եմ Հայաստանին ինձ՝ Ռուսաստանի իշխանությունների կողմից քաղաքական դրդապատճառներով հալածվող քաղաքական գործչիս փախստականի կարգավիճակ տալու համար»: Ըստ Շիշկինի հրապարակած լուսանկար-փաստաթղթի՝ քաղաքական ապաստան նրան տրամադրվել է 2019թ. փետրվարին: Փաստաթղթում նշված է, որ նա մշտական բնակություն է հաստատել Գյումրիում: 2015-ից մինչեւ 2019-ի հունվարի 10-ը Շիշկինը եղել է կալանքի տակ՝ «Զանգվածային անկարգությունների կոչերի», «Ատելություն և թշնամանք սերմանելու» հոդվածներով: Նա մասնակցել է հակակառավարական ցույցերի ոչ միայն Ռուսաստանում, այլև Ուկրաինայում, Հայաստանում, Թուրքիայում և Մոլդովայում: Հայաստանի միգրացիոն ծառայությունն առայժմ չի մեկնաբանել իրավիճակը: Սա հնարավոր է լինի Հայաստանի իշխանությունների պատասխան քայլը Ռուսաստանին, որը հրաժարվել էր արտահանձնել ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին: