Իտալիայի նոր կառավարությունը երդում է տվել
Իտալիայի նոր կառավարությունը՝ Ջուզեպե Կոնտեի ղեկավարությամբ, այսօր երդում է տվել: Երդմնակալության արարողությանը մասնակցել է երկրի նախագահ Սերջո Մատարելան, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Կվիրինալի նախագահական պալատում:
Առաջինը երդվել է վարչապետը.
«Երդվում եմ հավատարիմ լինել հանրապետությանը, հետեւել սահմանադրությանն ու օրենքներին եւ իմ գործառույթներն իրականացնել՝ ի շահ ժողովրդի»:
Նոր կառավարությունը ձեւավորել են «5 աստղի շարժումը» եւ Դեմոկրատական կուսակցությունը՝ 21 նախարարներով: Նրանցից 11-ը ներկայացնում է «5 աստղի շարժումը», 9-ը՝ Դեմոկրատական կուսակցությունը: Նախկին կոալիցիոն կառավարությունից մնացել է 2 նախարար՝ շրջակա միջավայրի, ցամաքի եւ ծովի պահպանության նախարար Սերջո Կոստան եւ արդարադատության նախարար Ալֆոնսո Բոնաֆեդեն: Երկուսն էլ ներկայացնում են «5 աստղի շարժումը»: Այդ կուսակցության ղեկավար Լուիջի Դի Մայոն նշանակվել է ԱԳՆ ղեկավար: Նախորդ կաբինետում նա փոխվարչապետ էր եւ տնտեսական զարգացման, աշխատանքի եւ սոցիալական քաղաքականության նախարար: 20 տարվա մեջ առաջին անգամ ներքին գործերի նախարար կին է դարձել՝ Միլանա Լուչանա Լամորջեզեն:
Այժմ կառավարությունը պետք է ստանա խորհրդարանի վստահությունը: Պատգամավորների Պալատում եւ Սենատում քվեարկությունը կկայանա երկուշաբթի եւ երեքշաբթի: