Ամռան սկզբից Հոնկոնգը համակած զանգվածային բողոքները կապված են ոչ միայն արտահանձնման մասին օրենքի հետ
Ամռան սկզբից Հոնկոնգը համակած զանգվածային բողոքները կապված են ոչ միայն արտահանձնման մասին օրենքի հետ, այլև դուրս են եկել «դրա սահմաններից»։ Այս մասին ասել է տեղի վարչության ղեկավար Քերի Լամը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ օրինագիծը հետ կանչելու որոշումը «միայն առաջին քայլը կդառնա ճգնաժամային իրավիճակի կարգավորման ճանապարհին» այդ հատուկ վարչական շրջանում։
Լամը փաստել է, որ տեղի բնակիչներին հուզում են ոչ միայն քաղաքական, այլեւ սոցիալ-տնտեսական խնդիրները. բնակարանի, երիտասարդության համար հնարավորությունների բացակայությունը, եկամուտների անհավասարությունը եւ այլն։ Վարչական շրջանի ղեկավարը մտադիր է համակողմանի երկխոսություն նախաձեռնել բնակչության բոլոր շերտերի, ինչպես նաեւ փորձագիտական հանրույթի հետ՝ այս խոր եւ արմատացած խնդիրների լուծման ճանապարհները գտնելու համար։
Երեք ամիս առաջ այստեղ զանգվածային բողոքներ բռնկվեցին տեղի իշխանությունների կողմից առաջադրված օրինագծի դեմ, որն ուղղված էր այն բանին, որպեսզի Հոնկոնգից մայրցամաքային Չինաստանին դատավարության համար արտահանձնվեն Չինաստանի օրենքները խախտելու մեջ կասկածվող անձինք կամ նրանք, ովքեր գտնվում են հետախուզման մեջ։ Քերի Լամը հասարակության ճնշման տակ բազմիցս հայտարարել է օրինագիծը դադարեցնելու մասին, բայց ցույցերը չեն հանդարտվել։ Չորեքշաբթի նա պաշտոնապես հայտարարել է այն Օրենսդրական խորհրդից հետ կանչելու ընթացակարգի մասին, ինչը պահանջում էին ցուցարարները։ Ի դեպ, նրանք նաեւ այլ պահանջներ էլ են ներկայացնում, որոնք իշխանությունները չեն համաձայնում բավարարել։ Դրանց թվում է փողոցային անկարգությունների բոլոր մասնակիցների համաներումը, որոնք կալանավորվել են առանց դատի ու քննության։