Ինքս բազմիցս ականատես եմ եղել փողոցում 40 աստիճանի շոգի պարագայում ձկան առևտրին. Հայթյան
«Հանուն առողջության» նախաձեռնության անդամ Ռուբեն Հայթյանը կարծում է, որ չնայած կոչերին, իշխանությունները դեռևս թույլ են տալիս մայրաքաղաքի որոշ մասերում փողոցային առևտուր անել, իսկ դրան շատ լուրջ իրավական մոտեցում է հարկավոր:
«Ինքս բազմիցս ականատես եմ եղել փողոցում 40 աստիճանի շոգի պարագայում ձկան առևտրին: Ընդ որում՝ ձուկն իսկապես կարող է թարմ տեսք ունենալ, սակայն դա խոսում է այն մասին, որ ձուկը մշակում են, այդ թվում՝ ֆորմալինով»,- նշեց նա:
Փորձագետը հավելեց, որ մեկ այլ խնդիր է շարունակում մնալ ապրանքի համար կից փաստաթղթերի բացակայությունը, որոնք ձեռք են բերում հասարակական սննդի օբյեկտները: «Հասարակական սննդի արտաքուստ բարեկարգ օբյեկտը կարող է չունենալ կից փաստաթղթեր այն մասին, թե որտեղից է գնված, օրինակ, միսը և ինչ ծագում ունի»,- հավելեց Հայթյանը:
Ըստ բանախոսի՝ արդյունքում թունավորումներ, որոնք, շատ անգամ, կախված մարդու օրգանիզմի առանձնահատկություններից, կարող են հանգեցնել ընդհուպ մինչև մահվան ելքի: