Պահպանողական պատգամավորները հեռացվել են տորիների խորհրդարանական խմբակցությունից. նրանց թվում է Չերչիլի թոռը
Պահպանողական պատգամավորները, որոնք քվեարկել էին բրիտանական խորհրդարանի օրակարգի փոփոխության օգտին, չնայած երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի կոչին, տորիների խորհրդարանական խմբակցությունից հեռացվել են և չեն կարող հաջորդ ընտրություններում կուսակցությունը ներկայացնել, հայտնել են վարչապետի գրասենյակից, փոխանցում է BBC-ն:
Չորեքշաբթի Համայնքների պալատը ձայների մեծամասնությամբ քվեարկել էր խորհրդարանի աշխատանքի օրակարգի փոփոխության օգտին և Համայնքների պալատին օժտել էր ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու ժամկետը ավելի ուշ տեղափոխելու օրինագծի քննարկման իրավունքով:
Ջոնսոնը խորհրդարանականներին կոչ էր արել դեմ քվեարկել: Պահպանողական կուսակցությունն իր անդամներին նախազգուշացրել էր, որ այն դեպքում, եթե չլսեն կուսակցական կազմակերպիչներին և քվեարկեն օրակարգի փոփոխության օգտին, կզրկվեն կուսակցությունը ներկայացնելու իրավունքից:
Վտարված պատգամավորների թվում են Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի թոռը՝ Նիկոլաս Սոմսը, բրիտանական խորհրդարանի վետերան Կեն Քլարկը, ինչպես նաև Ֆիլիպ Հեմոնդը, որը եղել է ԱԳ, պաշտպանության և տրանսպորտի նախարար, իսկ Թերեզա Մեյի կառավարությունում զբաղեցրել է գանձապետարանի կանցլերի պաշտոնը:
«Ես ընդդեմ կառավարության եմ քվեարկելու անչափ ծանր սրտով»,- քվեարկությունից առաջ ասել է Սոմսը:
Չորեքշաբթի օրակարգի փոփոխության օգտին է քվեարկել Պահպանողական կուսակցությունից ընդհանուր 21 պատգամավոր:
Քվեարկությունից հետո Բորիս Ջոնսոնը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու վճռականության մասին, եթե պատգամավորները քվեարկեն բրեքսիթի շուրջ բանակցությունների հետաձգման օգտին:
«Ես ընտրությունների անցկացում չեմ ցանկանում, բայց եթե պատգամավորները վաղը քվեարկեն այն բանի օգտին, որ կասեցնեն բանակցությունները և հասնեն ևս մեկ անիմաստ հետաձգման, դա կլինի խնդրի լուծման միակ հնարավորությունը»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բորիս Ջոնսոնը մտադիր է առաջարկել ընտրություններն անցկացնել հոկտեմբերի 14-ին: ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը նախատեսված է հոկտեմբերի 31-ին: