«Դորիանի» պատճառով Բահամներում զոհվել է հինգ մարդ
Հյուսիսային Բահամյան կղզիների բնակիչներն օգնություն են խնդրում «Դորիան» ամայացնող փոթորկի հետ կապված, որը գրեթե անշարժ կախվել է կղզիների վրա։ Բնակիչներից ոմանք մնում են իրենց տների տանիքներին՝ ներքեւ իջնելու հնարավորություն չունենալով, տեղեկացնում է BBC-ն։
Փոթորիկն աստիճանաբար կորցնում է ուժը. երեքշաբթի այն թուլացել է մինչեւ երրորդ կարգի, սակայն հորդառատ անձրեւները, փոթորկոտ քամին եւ ծովից եկող ջուրը կշարունակեն սպառնալ Մեծ Բահամ կղզու բնակիչներին առնվազն մեկ օր։ Երեքշաբթի քամու գրանցված առավելագույն արագությունը հասել է 205 կմ/ժամի։
«Դորիանի» պատճառով Բահամներում զոհվել է հինգ մարդ։ ԱՄՆ արեւելյան ափին, որտեղ կարող է տեղափոխվել փոթորիկը, նախկինի պես պահպանվում է արտակարգ դրության ռեժիմը։
ԱՄՆ փոթորիկների ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ «Դորիանը» հիմա տեղափոխվել է Մեծ Բահամից հյուսիս, որտեղ ապրում է մոտ 50 հազար մարդ։ Մեկ օրում փոթորիկը տեղափոխվել է 20 կիլոմետրով։ Այժմ փոթորիկը վերածվել է երրորդ կարգի փոթորկի ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի։
Գործակալությունը նախազգուշացնում է, որ «Դորիանը» դեռեւս կարող է քամու պոռթկումներ առաջացնել՝ ժամում մինչեւ 250 կմ արագությամբ եւ ջրի մակարդակը բարձրացնել 3,35 մետրով, եւ խորհուրդ է տալիս Մեծ Բահամի բնակիչներին մնալ ապաստարաններում։
ԱՄՆ-ում, Փալմ Բիչ օկրուգում (Ֆլորիդայի նահանգ), որը 160 կիլոմետր հեռու է փոթորկից, գրանցվում են քամու պոռթկումներ 93 կմ/ժամ արագությամբ։
ՌՕՈւ Եղանակի ծառայության տեղեկացմամբ՝ քամին փոթորկի կենտրոնում պտտվում է այնպիսի ուժգնությամբ, որ նրա միջուկը «պայթել» է՝ որպես հետեւանք հանգեցնելով ցիկլոնի հասցրած վնասի տարածքի զգալի ընդլայնման։