Բոլորս շատ կուզենանք ունենալ ազգային ավիափոխադրող՝ կայուն, հզոր ընկերություն, որ ամբողջ աշխարհում գործի, բայց որպես քաղավիացիայի կոմիտե մենք իրավունք չունենք ստեղծել ազգային փոխադրող
Մենք բոլորս շատ կուզենանք ունենալ ազգային ավիափոխադրող, տեղական փոխադրող, կայուն, հզոր ավիաընկերություն, որ ամբողջ աշխարհում գործի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Քաղավիացիայի նախագահ Տաթևիկ Ռեւազյանը:
«Ուզելը լավ է, բայց որպես քաղավիացիայի կոմիտե մենք չենք ստեղծելու այդ ընկերությունը: Մենք հսկում ենք անվտանգությունը, մենք իրավունք չունենք ստեղծել ազգային փոխադրող:
Ես կցանկանամ, որ այդ ընկերությունը կայուն լինի, մինչեւ այդ կոչումը կտանք, որովհետեւ եթե այդպես չլինի, դա Հայաստանի անունն է գցելու»,-ասաց նա:
«Զվարթնոց» օդանավակայանը նվազեցրել է ծախսերը փոքր ավիացիայի համար, նույնը մենք ենք անում՝ 70 տոկոսով նվազեցնում ենք նավիգացիայի ծախսերը փոքր օդանավերի համար, որ կատարում են չվերթներ ՀՀ տարածքում»,- ասաց Տաթևիկ Ռևազյանը:
Նրա խոսքով, իրականում դժվար է փոքր ավիացիայի ոլորտը զարգացնելը. «Եթե որևէ մեկը մտածում է, որ մեծ փողեր կան փոքր ավիացիայում, իրականում այդպես չէ: Այս ոլորտը զարգանում է, որովհետև կան մարդիկ, որ սիրում են այն»: