ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը գործը վարույթ ընդունելուց հետո 15 օրյա ժամկետում պետք է քններ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, ինչը, սակայն չի արել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը գործը վարույթ ընդունելուց հետո 15 օրյա ժամկետում պետք է քններ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, ինչը, սակայն չի արել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3–ին ՀՀ սահմանադրական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը։
Փաստաբանը նշեց, որ առաջին իսկ դատական նիստում իրենք ստիպված են լինելու բարձրացնել երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցը։
«Սեպտեմբերի 12–ի դատական նիստում Աննա Դանիբեկյանը պետք է զրոյից սկսի գործի քննությունը։ Աննա Դանիբեկյանը խափանման միջոցին պարտավոր էր անդրադառնալ մինչեւ գործի քննությունը։ Երբ մենք ասում ենք, որ Աննա Դանիբեկյանի մասնակցությունը գործին սկսվել է կոպիտ խախտումներով, մենք առաջին հերթին նկատի ունենք այն, որ նա Քոչարյանի խափանման միջոցի հարցը պարտավոր էր քննարկել մինչեւ դատավարությունը սկսելը»,–ասաց փաստաբանը՝ չբացառելով, որ իրենք ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն դատավորին։
Հիշեցնենք, որ մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 12–ին։