Ալավերդցիները պահանջում են պարզաբանել՝ ինչու դեռևս ասֆալտապատված չի համայնքի ճանապարհը (Տեսանյութ)
Ալավերդու բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք նախ ավտոերթ են իրականացրել, ապա փակել են Մ-6 միջպետական ճանապարհի Ալավերդու հատվածը եւ պարզաբանում են պահանջում, թե ինչու համայնքային ճանապարհները, որոնք պետք է մինչեւ սեպտեմբեր ամիսը ասֆալտապատված լինեին, դեռեւս քանդված վիճակում են։
Նրանք պահանջում են պարզաբանել, թե ով է պատասխան տալու, որ ամիսներ շարունակ ճանապարհները քանդված վիճակում են։ Ալավերդու բնակիչ Արտուշ Աբելյանը NEWS.am լրատվականի հետ զրույցում նշել է, որ գարնանը՝ ապրիլի 30-ին, երբ կրկին բողոքի ցույց եէին արել ալավերդցիները եւ եկել էր Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, շինարար AAB կազմակերպությունը խոստացել էր, որ մինչեւ սեպտեմբեր Ալավերդու հատվածը կլինի ասֆալտապատ, սակայն չնայած որոշակի աշխատանքներ իրականացվել են, սակայն աշխատանքները չափազանց դանդաղ են իրականացվում, իսկ այդ ընթացքում ալավերդցիները փոշի են շնչում։
Լրատվականի զրուցակիցը հայտնել է, որ Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանի եւ Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի միջամտությամբ քաղաքացիները բացել են ճանապարհը։ Ժամը 3-ին ԾԻԳ–ի ղեկավարի հետ նախատեսվում են քննարկում, սակայն ցուցարարները խոստանում են՝ եթե հարցին լուծում չտրվեց, կրկին փակելու են ճանապարհը։
Այս ճանապարհի շինարարությունն իրականացնող AAB ընկերության ներկայացուցիչ Ալիշան Կարա-Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ ընկերությունն աշխատանքաներ իրականացրել է, սակայն Beeline ընկերության կաբելների հետ խնդիրներ կան, որը թույլ չի տալիս աշխատանքներն ավարտին հասցնել։
«Beeline–ի կաբելները ճանապարհային ծածկի տակ է, դա հիմնական կաբելն է, որ կապում է Հայաստանը Վրաստանի հետ, լուծումները չկան դեռեւս»,–նշել է նա։