Հայաստանում կարող է Տարերային աղետների դիմակայման օր հայտնվել
1988թ. Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ 2018թ. փետրվարի 9-ին ՀՀ վարչապետը «Տարերային աղետների դիմակայման օր» անվանմամբ միջոցառում կազմակերպեց եւ կարգադրեց միջգերատեսչական հանձնաժողով ստեղծել: Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Պետական տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:
Նա նշել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հովանու ներքո միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել, որը վարչապետի աշխատակազմին է ներկայացրել «Տարերային աղետների դիմակայման օրվան ընդառաջ միջոցառումների անցկացմանն ուղղված գործողությունների ծրագրի հաստատման մասին» որոշման նախագիծը:
«Ծրագրված միջոցառումների նպատակն է հարգանքի տուրք մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերին, երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այդ օրերին օգնության ձեռք են մեկնել, եւ նշել այն առանցքային գործողությունները, որոնք Հայաստանին դարձնում են ավելի ուժեղ եւ ավելի պատրաստված հնարավոր բնական եւ տեխնածին աղետներին»,- հստակեցրել է Հարությունյանը:
Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հայտարարել է, որ Հայաստանում նման միջոցառումները պետք է անցկացնել ամեն օր, այլ ոչ թե տարին մեկ անգամ:
Այդուհանդերձ, մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին: