ԱՄՆ-ի և «Թալիբանի» միջև համաձայնության շրջանակներում առաջին 5000 ամերիկացի զինվորականները կհեռանան Աֆղանստանից հինգ ամսվա ընթացքում
ԱՄՆ-ի և «Թալիբանի» միջև համաձայնության շրջանակներում առաջին 5000 ամերիկացի զինվորականները կհեռանան Աֆղանստանից հինգ ամսվա ընթացքում։ ԱՄՆ հատուկ դեսպանորդ Զալմայ Խալիլզադը աֆղանցի նախագահին ցույց է տվել համաձայնագրի նախագիծը եւ հայտարարել է, որ իրենք Ամերիկայի ամենաերկարատեւ պատերազմի դադարեցման շեմին են, հայտնում է AP-ը։
Խալիլզադը երկու անգամ հանդիպել է նախագահ Աշրաֆ Հանիի հետ Կատարից վերադառնալուց հետո, որտեղ ավարտվել է ԱՄՆ-ի եւ թալիբների միջեւ բանակցությունների իններորդ փուլը։
«Մենք սկզբունքորեն համաձայնության ենք եկել թալիբների հետ, սակայն, իհարկե, մինչեւ ԱՄՆ նախագահը հավանություն չտա դրան, այն վերջնական չի լինի»,- տեղական TOLO լրատվական ալիքին ասել է Խալիլզադը։
Նրա խոսքերով, ըստ համաձայնագրի, առաջին 5000 ամերիկացի զինվորականները Աֆղանստանի հինգ բազաներից դուրս կբերվեն 135 օրվա ընթացքում։ Ներկայում երկրում հաշվվում է մոտ 14 000 ամերիկյան զինծառայող։
Ակնկալվում է, որ զորքերի հետագա դուրսբերումը կախված կլինի գործարքի պայմաններից, ներառյալ բռնության նվազումը։
Թալիբները վերահսկում են երկրի մոտ կեսը։ Իր հերթին, ԱՄՆ-ը ձգտում է, որ թալիբները հավաստիացնեն, որ Աֆղանստանը ապաստան չի դառնա ծայրահեղական խմբավորումների համար, որոնք ծրագրում եւ իրականացնում են ահաբեկչական գրոհներ։
Աֆղանական կառավարությունը չի մասնակցել ԱՄՆ-ի եւ թալիբների բանակցություններին, քանի որ վերջիններս մերժում են նրանց որպես ԱՄՆ-ի խամաճիկների, սակայն համաձայնագրի կնքումից հետո տեղի կունենան ներաֆղանական բանակցություններ։