Օտարերկրացի տնօրենի աշխատասենյակից գողացել էր 3,5 մլն դրամ և 14 500 դոլար. ոստիկանների բացահայտումը
Օգոստոսի 22-ին ոստիկանություն դիմած օտարերկարցի տղամարդը, որը մեր երկրում ընկերության տնօրեն է, գողության վերաբերյալ հաղորդում է տվել։ Նրա աշխատասենյակից հափշտակել էին 3,500,000 դրամ ու 14,500 դոլար։ Դեպքը տեղի էր ունեցել Էրեբունիում։
ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 13.50-ին, Արցախի փողոցի 50-ամյա բնակիչը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, ՍՊԸ տնօրենի աշխատասեղանի դարակից գողացել է նրա ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է նշված գումարը:
Օգոստոսի 30-ին գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկվեց նախկինում մի քանի անգամ դատապարտված Երևանում ապրող 50-ամյա մի տղամարդ։
Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն ու ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող տարածքային քննչական բաժին։ Նա ձերբակալվել է։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Քննությունը շարունակվում է։