Նոր իշխանություններն Արցախի հարցում միայն հետընթաց են արձանագրել. Քաղաքագետի կարծիք
«Առաջ քաշելով մի կարևոր տեսլական, որ Արցախը պետք է դառնա բանակցային պրոցեսի մաս, նոր իշխանությունները չեն կարողացել հասնել դրան, ավելին՝ մինչև հիմա պարզ էլ չեն այն քայլերը, որով Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ։ Դրա փոխարեն այն կարևոր ձեռքբերումները, որ մենք ունեցել ենք այս ընթացքում, մասնավորապես 2016 թվականին ունեցած պայմանավորվածությունները, որ պետք է լինեն մոնիտորնգային մեխանիզմներ, դրանք ևս վերացել են օրակարգից»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
Քաղաքագետը կարևորում է մոնիտորինգի մեխանիզմները, քանի որ դրանք պատերազմի կանխարգելման հարցում էական դեր են խաղում. «Շատերին թվում է, թե դա զուտ տեխնիկական հարց է, բայց այն շատ լուրջ մեխանիզմ է, որ կարող է կանխարգելել ռազմական գործողությունները։
Միշտ նման գործողություններին, մոնիտորնգին հետևում են հետևությունները, թե ով է խախտել, ով է մեղավոր։ Պատերազմի բարոյականության հարցում կարևորագույն խնդիր է, թե ով սկսեց պատերազմը»։