Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հաջորդ շաբաթ կիրականացնի փոխատեղումներ կառավարությունում և կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) ղեկավար կազմում
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հաջորդ շաբաթ կիրականացնի փոխատեղումներ կառավարությունում և կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) ղեկավար կազմում։
«Փոխատեղումները տեղի կունենան հաջորդ շաբաթ։ Մենք ցանկանում ենք կայունություն եւ պատրաստակամություն ցուցաբերել տարբեր մարտահրավերներին դիմակայելու հանդեպ»,- երկրի վարչապետի խոսքերը մեջբերում է Kyodo գործակալությունը։
Փոփոխությունների կատարման կոնկրետ ժամկետն առայժմ հաստատված չէ։ Ենթադրվում է, որ դա տեղի կունենա սեպտեմբերի 10-ին կամ 12-ին։
Ճապոնական ԶԼՄ-ները ավելի վաղ նշել էին, որ կառավարության ղեկավարը մտադիր է պահպանել իր կառավարության առանցքային նախարարներին։ Մասնավորապես, դա վերաբերում է ֆինանսների նախարար Տարո Ասոյին եւ կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգուին, որոնք անփոփոխ կառավարությունում են 2012 թվականին Աբեի երկրորդ վարչապետության պահից։ Նոր կառավարությունում մնալու հնարավորություն ունի նաեւ էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Հիրոսիգե Սեկոն, որը նաեւ պատասխանատու է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման համար։
Ինչպես տեղեկացրել է Kyodo գործակալությունը, փոխատեղումների շրջանակում Աբեն պետք է փոխի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Սյոտարո Յատիին։ Գերատեսչության նոր ղեկավար պետք է դառնա Սիգերու Կիտամուրուն, որը ներկայում հետախուզության եւ հետազոտությունների վարչության տնօրենն է։ Չի բացառվում, որ Աբեն կարող է փոխել ԼԴԿ գլխավոր քարտուղարին։