Երևանի թիվ 16 հատուկ դպրոցի անձնակազմն ու երեխաների ծնողները այսօր` սեպտեմբերի 2-ին դպրոցի փակման դեմ բողոքի ակցիա են անցկացնում
Երևանի թիվ 16 հատուկ դպրոցի անձնակազմն ու երեխաների ծնողները այսօր` սեպտեմբերի 2-ին, բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք բողոքում են` դպրոցի փակման դեմ:
ԿԳՍՄ նախարարաության Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը վստահեցնում է, որ դպրոցը դեռ չի փակվում, քանի որ Կառավարության որոշում դեռ չկա:
«Խնդիրը դպրոցը լուծարելու մեջ չէ, պարզապես հանրակրթության մասին օրենքով Հայաստանի Հանրապետությունն անցնում է համընդհանուր ներառման եւ Երեւան քաղաքն այ տարի պետք է անցնի համընդհանուր ներառման, այսինքն: Այս պահին որեւէ խնդիր չկա, դեռ Կառավարության որոշում չկա եւ դպրոցը կշարունակի գործել` մինչեւ համապատասխան որոշում»,-ասաց նա:
Ծնողները սակայն բողոքում են, որ 2 օր առաջ են ծանուցում ստացել, որ երեխաները չհաճախեն դպրոց:
Ծնողներից մեկը բողոքեց, որ ինքն աշխատում է, գիշերը փողոց է ավլում եւ չի կարող երեխային տանը պահել. «Ես մինչեւ գիշերվա կեսը փողոց եմ ավլում, իմ երեխան որտեղ է մնալու, փողոց ե՞ք շպրտում»:
Աշոտ Արշակյանը պատասխանեց, որ երեխաները կշարունակեն կրթություն ստանալ, իսկ հարցի սոցիալական մասի շուրջ Կառավարությունը դեռ որոշում կկայացնի: