ԱՄՆ-ում կազատեն բուլկեղենի խանութը կողոպտելու համար 36 տարի բանտարկված դատապարտյալին
ԱՄՆ Ալաբամա նահանգի դատարանը որոշել է ազատ արձակել դատապարտյալին, որը ցմահ ազատազրկման էր դատապարտվել բուլկեղենի խանութը 50 դոլարից փոքր-ինչ ավելի գումարով կողոպտելու համար, հայտնում է BBC News-ը:
1983 թվականին, երբ Էլվին Քենարդը 22 տարեկան էր, նա դանակի կիրառմամբ բուլկեղենի խանութ էր կողոպտել: Չնայած կողոպուտի հետևանքով ոչ ոք չէր տուժել, Քենարդն, այդուհանդերձ, դատապարտվել էր ցմահ բանտարկության:
Մինչ այս կողոպուտը, Քենարդն արդեն պատասխանատվության էր ենթարկվել գողության համար, ինչը և դարձել էր նրա պատժի խստացման պատճառը:
58-ամյա Քենարդի փաստաբանը հայտնել է, որ տղամարդը կվերադառնա իր ընտանիք:
Տղամարդը մասնագիտությամբ հյուսն է և կփորձի կրկին աշխատանքի ընդունվել: