Աննա Շահնազարյանի դրամահավաքը խոչընդոտած ոստիկանները ենթարկվել են կարգապահական տույժի
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպան իրավապաշտպան Աննա Շահնազարյանի՝ Ամուլսարի համար դրամահավաքը խոչնդոտած ոստիկանները ենթարկվել են կարգապահական տույժի։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել քաղաքացիական ակտիվիստ Արտակ Կիրակոսյանը, որը նաև հրապարակել է ոստիկանությունից ստացած համապատասխան գրությունը։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին, ժամը 18։00-21։00 Երևանում Աննա Շահնազարյանն աջակիցների հետ միասին դրամահավաք էր իրականացրել Ամուլսարի պաշտպանության համար։ Ժամը 20։50-ի սահմաններում Շահնազարյանին են մոտեցել ոստիկաններ և պահանջել են ներկայացնել դրամահավաք իրականացնելու թույլտվություն քաղաքապետարանից, ինչպես նաև պայմանագիր քաղաքապետարանի հետ և քաղաքապետարանի կողմից դրամահավաքի արկղի դրոշմակնքում։
Այնուհետև նրանք ոստիկանության մեքենայով Աննա Շահնազարյանին հարկադրաբար տեղափոխել են ոստիկանության Կենտրոն բաժին, որտեղ տեղեկացրել են, թե նյութեր են նախապատրաստում խարդախության կասկածանքով։ Աննա Շահնազարյանին ժամը 23։00-ի սահմաններում բաց են թողել` տեղեկացնելով, թե ընթանում է խարդախության կասկածանքով հետաքննություն։
Հայկական բնապահպանական ճակատը ոստիկանության գործողությունները հայտարարել էր ապօրինի՝ նշելով, որ հետամուտ է լինելու, որպեսզի բնապահպանների՝ օրենքով չարգելված գործունեության նկատմամբ այս կոպիտ միջամտությունը պատժվի։