Mercedes-Benz 600 լիմուզինը աճուրդի կհանվի սեպտեմբերի 21-ին Sotheby’s-ում
1966 թվականի Mercedes-Benz 600 լիմուզինը, որը պատրաստվել է նավթային մագնատ Նուբար Գյուլպենկյանի պատվերով, աճուրդի կհանվի սեպտեմբերի 21-ին Sotheby’s-ում։
60-ական թվականներին Գյուլպենկյանը Mercedes ընկերությանը պատվիրել է լիմուզին ապակե տանիքով, բայց ընկերությունը չի կարողացել կատարել այդ խնդրանքը։ Այնուհետեւ նա գնել է սովորական սեդան եւ այն փոխանցել ֆրանսիական Henri Chapron ընկերությանը, որը կատարել է անհրաժեշտ թյունինգը, տեղեկացնում է Formacar կայքը։
Բացի ապակե տանիքից, մեքենան ունի նաեւ ինքնատիպ հետեւի բազմոց, որը վերածվում է երկտեղանոց մահճակալի, մինի-բար նստելատեղերի միջեւ, ծխախոտի պահարանիկներ եւ սարքերի վահանակ։ Գյուլպենկյանն ասում էր, որ իրեն հարկավոր է սարքերի իր վահանակը, որպեսզի մշտապես հետեւի վարորդին։
Գյուլպենկյանի մահվանից հետո լիմուզինը հայտնվել է նրա այգեպանի ձեռքում։ Մեքենան մի քանի տեր է ունեցել, բայց հիանալի վիճակում է։ Վաճառողները նախատեսում են նրա դիմաց առնվազն 300 հազար դոլար ստանալ։