«Իմ քայլի» պատգամավորներ Շիրակ Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը խուլիգանության հոդվածով մեղադրվող մի երիտասարդի՝ Ակակի Տոնոյանին, կալանքից ազատելու միջնորդություն են ներկայացրել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
« «Իմ քայլի» պատգամավորներ Շիրակ Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը, մեր տեղեկություններով, խուլիգանության հոդվածով մեղադրվող մի երիտասարդի՝ Ակակի Տոնոյանին, կալանքից ազատելու միջնորդություն են ներկայացրել։ Բայց պարզվում է՝ երիտասարդը բավականին տխուր միջադեպի հերոսներից է․ նա և իր տասը ընկերները մոտ մեկ ամիս առաջ ջարդուխուրդ են արել մեկ այլ երիտասարդի, ու հիմա խուլիգանության հոդվածով քրեական գործ է քննվում։
Երիտասարդի և պատգամավորների առնչության մասին էլ ասացին, որ մեղադրյալն ախալքալաքցի է՝ Շիրակ Թորոսյանի հայրենակիցը։ Թորոսյանը չհերքեց միջնորդության փաստը. «Այո, ներկայացրել եմ, որովհետև ինքը ջավախքեցի տղա է, երիտասարդ: Ինչպես գրեթե բոլոր ջավախքեցիները միշտ կռվի մեջ են ընկնում, ես էլ ուսանող ժամանակ նման բաների միջով շատ եմ անցել ու շատ լավ հասկանում եմ իրեն»:
Բայց խուլիգանության հոդված է երիտասարդի վրա։ «Խուլիգանություն ասածը կռիվն է, ո՛չ գողություն է արել, ո՛չ հանցագործություն, շարքային ծեծկռտուք է եղել: Մանրամասներ չգիտեմ, բայց սովորաբար ախալքալաքցիները տասը հոգու չեն ծեծում»:
Թորոսյանը շեշտեց, որ ինքը չի էլ ճանաչում տղային, ծնողներն են իրեն խնդրել՝ որպես ջավախեցի պատգամավոր, ինքն էլ իր պարտքն է համարել օգնել տղային: Ասաց նաև, որ Փամբուխչյանն էլ արմատներով ջավախեցի է, դրա համար համատեղ են միջնորդել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: