Թրամփի այցի ընթացքում Լեհաստանը եւ ԱՄՆ-ը կստորագրեն անվտանգության եւ G5 տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության համաձայնագիր
Լեհաստանը եւ ՍՄՆ-ը կստորագրեն անվտանգության եւ G5 տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության համաձայնագիր նախագահ Դոնալդ Թրամփի այցի ընթացքում, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով լեհ բարձրաստիճան պաշտոնյային։
Համաձայնագիրը ձեռք է բերվել ԱՄՆ-ի կողմից մի քանի ամիս լոբբիի ենթարկվելուց հետո Վարշավայում եւ Եվրոպայի այլ երկրներում՝ չինական Huawei ընկերության տեխնոլոգիաների արգելման ուղղությամբ, որն աշխարհում հեռահաղորդակցային սարքավորման եւ 5G ցանցերի ամենախոշոր արտադրողն է։
Լեհաստանը, որը սերտ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ, հուլիսին առաջարկել է խստացնել կիբեռանվտանգության իր չափորոշիչները եւ կարող է արգելել որոշակի արտադրանքի կամ ապագա 5G ցանցի կարեւոր մասերի մատակարարումները։
Լեհ պաշտոնյան ասել է, որ ոչ մի կոնկրետ ընկերություն կամ սարքավորում որեւէ կոնկրետ երկրից չի բացառվի ԱՄՆ-ի հետ նոր համաձայնագրի շրջանակում, թեեւ հիմնական ուղղությունը լինելու է անվտանգությունը եւ համագործակցությունը Վաշինգտոնի հետ։
Նա ժխտել է, որ համաձայնագիրը հիմնված է եղել 5G-ի վերաբերյալ առաջարկությունների շարքի վրա, որոնք արվել են Պրահայում այս տարեսկզբին։ Սպասվում է, որ Վաշինգտոնի հետ համաձայնագիրը կստորագրվի առաջիկա օրերին, վերջնական մանրամասները դեռ քննարկվում են։
Թրամփը Վարշավա կժամանի կիրակի առավոտյան եւ կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմի 80-ամյա տարելցի արարողություններին։