Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարը կարեւորել է UNICEF-ի հետ համագործակցությունն ու երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական բարեփոխումների շրջանակում փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել:
UNICEF-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը նշել է, որ պատրաստ են իրենց մանդատի շրջանակում աջակցել Արդարադատության նախարարությանը եւ քննարկել համագործակցության հետագա ուղղությունները:
UNICEF-ի ներկայացուցիչը փայլուն օրինակ է համարել այն հանգամանքը, որ Հայաստանը ազատազրկման վայրերում ամենացածր թվով անչափահաս դատապարտյալ ունեցող երկրներից է եւ հաջող օրինակ՝ Անչափահասների արդարադատության խորհրդի ստեղծումը, որը, Տանյա Ռադոչայի գնահատմամբ, արդյունավետ է աշխատում: UNICEF-ի ներկայացուցչի՝ Հայաստանին վերաբերող հաջորդ դրական օրինակը վերաբերում էր երկրի ստանձնած պարտավորությանը՝ ուղղված երեխաների նկատմամբ բռնության վերացմանը:
Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրների քննարկման ընթացքում նախարար Բադասյանը վստահեցրել է, որ Կառավարության առաջնահերթություններից է մարդու իրավունքների պաշտպանությունը եւ բարձրացված հարցերի լուծումները տեղ կգտնեն Մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարությունում եւ դրանից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագրում: