Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարը լուծարում է Գյումրու 2 գիշերօթիկ դպրոցները՝ առանց հիմնավոր պատճառների (Տեսանյութ)
Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարը լուծարում է Գյումրու 2 գիշերօթիկ դպրոցները՝ առանց հիմնավոր պատճառների, որի հետևանքով 150 աշխատակիցներ անգործ են մնում: Այս մասին NEWS.am լրատվականին հայտնել է գիշերօթիկի աշխատակիցներից մեկը, ով փորձում էր վարչապետին հայտնել խնդրի մասին:
«Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարը լուծարում է Գյումրիի 2 գիշերօթիկ դպրոցները առանց հիմնավոր պատճառների, որի հետևանքով 150 աշխատակիցներ անգործ են մնում, էլ չեմ ասում այդքան էլ երեխաներ սոցիալապես անապահով, միայնակ մոր կամ ծնողազուրկ երեխաներ, ովքեր չունեն կացարաններ, տարրական կենցաղային պայմաններ: Խնդրում ենք նախարարին` վերանայի իր որոշումը»,- ասաց աշխատակիցը։
Հարցին, թե ինչն է պատճառը, որ նախարարը նման որոշում է կայացրել, գիշերօթիկի աշխատակիցն ասաց, որ նախարարը կարծում է, որ խնամատար ընտանիքների միջոցով կարելի կլինի լուծել խնդիրը:
«Խնամատար ընտանիք ուղարկում են մանկատան երեխաներին, եվրոպական այդ անիմաստ փորձերը թող չիրականացնեն Շիրակի դաշտավայրում: 3 օր առաջ առանց մեզ ծանուցելու՝ ասում են, որ երեխաները չպետք է գան գիշերօթիկ»,- նշեց աշխատակիցներից մեկը:
Նրանք նաև ասացին, որ իրենք նամակ են փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայտնել են իրենց խնդրի մասին:
Բողոքողներին լսեց նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը և խոստացավ զբաղվել խնդրով: