«Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհը հաջողվել է մեկուսացնել լուսադեմին
Այսօր՝ օգոստոսի 25-ին, ժամը 05:24-ին Երևան քաղաքի Սեբաստիայի 141/5 հասցեում գտնվող «Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Ժամը 08:30-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 13 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնից երկու «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա:
Հրդեհի հետևանքով 7 տուժածները տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ և «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Ավելի վաղ Operativ լրատվականը տեղեկացրել էր, որ երեկ՝ օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, թե Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ:
Դեպքի վայրում է նաև «Մալաթիա մոլ»-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը:
Քաղաքացիները, որոնք ամենայն հավանականությամբ, «Մալաթիա մոլ»-ի աշխատակիցներ են, իրենց վտանգելով ներսից դուրս են բերում վաճառքի ենթակա ապրանքները, այդ թվում կահույք, կենցաղային տեխնիկա, հեծանիվներ, կահույքի հումք և այլն:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը, ինչպես նաեւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ժամը 16:35-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի:
Operativ լրատվականը նաև հղում կատարելով Azatutyun լրատվականին, ուղիղ հեռարձակում էր տեսանյութ՝ դեպքի վայրից:
Մալաթիայի հրդեհից տուժածներից երկուսը Հանրապետական հիվանդանոցի թունաբանական բաժանմունքում են: