Հանքերը պետք է դարձնել մաքսիմալ անվտանգ․ Արսեն Թորոսյան
Արդյո՞ք առողջապահության նախարարությունում քննարկում է տեղի ունեցել Ամուլսարի հանքի շահագործման դեպքում հնարավոր ռիսկերի առնչությամբ, գիտականորեն ապացուցվա՞ծ է հանքարդյունաբերության և քաղցկեղի միջև կապը. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադառնալով այս հարցերին նշեց. «Հանքարդյուանբերությունը մի ոլորտ է, որի որոշ կոմպոնենտներ կարող են ազդել մարդու առողջության վրա: Գիտականորեն ապացուցված է բազմաթիվ քաղցկեղածին գործոնների կապը քաղցկեղի հետ, նորմայից ավելի դոզաների դեպքում կարող է առաջանալ այս կամ այն օրգանի քաղցկեղ:
Հայաստանում կա քաղցկեղի ռեգիստր, որը կիսատ է աշխատում, գտնվում է երկու կենտրոններում, որոնք կմիավորվեն մեկ ռեգիստրում մեր հակաքաղցկեղային ծրագրի շրջանակում: Մենք ունենք վիճակագրություն, բայց չունենք ուղիղ կապ հանքարդյունաբերության և քաղցկեղի առաջացման միջև: Օրինակ՝ Սյունիքի մարզը համարվում է մեր ամենամեծ հանքարդյունաբերական գոտին, բայց Սյունիքի մարզը չունի քաղցկեղով հիվանդացության և մահացության ամենամեծ ցուցանիշները»:
Նախարարը նաև ընդգծեց, որ հանքարդյունաբերությունը պետք է պահել կառավարելի վիճակում, և ցանկացած հանք պետք է պետության կողմից ստանա իր գնահատկանը: Նա նաև հավելեց, որ թեև հանքերը հանրային բարիք չեն, բայց երկրագունդը չի կարող ապրել առանց օգտակար հանածոների. «Մենք, որպես պետություն, պետք է առավելագույնս օգտակար հանածոների հանման պրոցեսը դարձնենք անվտանգ և ինչքան հնարավոր է զերծ մնանք դրանցից: Բայց եթե երկրագնդի բոլոր երկրները նման կերպ վարվեն, կունենանք, ասենք, երկաթի դեֆիցիտ…»:
Արսեն Թորոսյանի հավաստմամբ՝ ըստ վիճակագրության՝ ծխելը երկրագնդի վրա տարեկան խլում է 7 միլիոն մարդու կյանք, իսկ աղտոտված օդը՝ 8 միլիոն մարդու. «Պետք է պայքարել բոլոր վնասակար գործոնների դեմ, օրինակ՝ Հայաստանում աղը ավելի շատ մարդու կյանք է խլում, քան ծխախոտը»:
Մանրամասն՝ տեսանյութում: