Սիբիրախտով վարակված է եղել մեկ կենդանի. գյուղացիներով կենդանուն մորթել են ու միսը բաժանել իրար մեջ. ՍԱՏՄ (լուսանկարներ)
Օրեր առաջ Առողջապահության նախարարությունից տեղեկատվություն էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ համայնքի մի քանի բնակիչների մոտ ախտորոշվել է սիբիրյան խոց:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ իրենց մասնագետների կողմից հիվանդ կենդանին հայտնաբերվել էր, նմուշառում էր կատարվել և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Պարզվել էր, որ համագյուղացիներով կենդանու մորթ են իրականացրել և միսը բաժանել իրար մեջ:
Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ հաստատվել է, որ կենդանին եղել է սիբիրախտով հիվանդ: Տեսչական մարմնի մասնագետները 34 ընտանիքից հավաքել են կենդանու միսը, սառնարաններում առկա այլ մթերքները, հայտնաբերվել է նաև կենդանու գլուխը և կաշին: Հավաքված մսեղիքը և մթերքները սահմանված կարգով անասնագերեզմանոցում այրվել են: Նշենք, որ կենդանու մոտ հիվանդությունն առաջացել է, քանի որ անասնատերը հրաժարվել է պատվաստումից:
Գեղահովիտ համայնքում առկա մյուս բոլոր կենդանիները ջերմաչափվել են և գտնվում են մասնագետների վերահսկողության տակ, այլ դեպքեր չեն գրանցվել: