Նորածին աղջիկը մահացել է մոր կաթի պատճառով
Անգլիայի Դևոն կոմսության Թինմութ քաղաքից նորածին աղջիկը մահացել է մոր կաթի պատճառով: Հղիության ժամանակ մայրը ցավազրկող է ընդունել, որը, հնարավոր է, հայտնվել է նրա կրծքի կաթի մեջ և բերել երեխայի մահվան:
Աղջիկը, որն ընդամենը 5-օրական էր, մահացել է անցյալ տարվա սեպտեմբերի 30-ին, բայց նրա մահվան գործը հիմա է քննվում: Դատաքննության ընթացքում հայտնել են, որ հղիության ժամանակ աղջկա մայրը բժիշկների խորհրդով մեջքի ցավի դեմ «Տրամադոլ» է խմել:
Մոր խոսքով՝ ցավազրկող ընդունելուց հետո ինքը չէր նախատեսում դստերը կրծքով կերակրել, սակայն բժիշկներն ասել են, որ ոչ մի բանից վախենալու պատճառ չունի: Մանկաբույժ Պիտեր Ֆլեմինգը ծանոթացել է գործի նյութերին եւ նշել, որ «Տրամադոլը» համեմատաբար նոր դեղամիջոց է, որը կարող է հայտնվել կրծքի կաթի մեջ եւ նորածնին վտանգ ներկայացնել:
Բժշկի խոսքով՝ հղիության ժամանակ այս դեղամիջոցի ընդունումը ցանկալի չէ:
Դատաբժշկական փորձագետ Իեն Էրոուի եզրակացությամբ՝ երեխայի մահը եղել է «հանկարծակի եւ անկանխատեսելի»: Նա խոստացել է բժիշկ Ֆլեմինգի նախազգուշացումները փոխանցել այն հիվանդանոց, որտեղ աղջիկը ծնվել էր: Գործով քննությունը շարունակվում է: