Սոֆյա Հովսեփյանը դեմ է Ամուլսարի շահագործմանը. Կմնա արդյո՞ք նա իշխանական թևում
Եթե կարիք լինի, վայրկյան առաջ կլինեմ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների կողքին։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
«Ես երեկ եմ վերադարձել Հայաստան և ակտիվիստների կողքին կանգնելու կարիքի դեպքում վայրկյան առաջ կլինեմ նրանց կողքը, քանի որ բավարարված չեմ Ամուլսարի գործով նշանակված փորձաքննության արդյունքներից: Ակնհայտ է, որ բազմակողմանի փորձաքննություն չի իրականացվել։ Հանքի շահագործման արդյունքում առաջացող ռիսկերը որևէ կերպ հնարավոր չէ կառավարել , քանի որ միայն այն հանգամանքը, որ առողջարանային տարածքում հանք է շահագործվելու արդեն ռիսկ է։ Հաջորդ հարցը Սևանա լիճն է, որը մեր երկրի ամենամեծ հարստությունն է և եթե կա չնչին ռիսկ, ապա դա անտեսելու իրավունք չունենք։ Բացի այդ, մեր երկիրը շահագործումից ստանալու է չնչին եկամուտ, փոխարենը ռիսկերի ենթարկելով մեր ամբողջ ռազմավարական նշանակության հողերն ու ջրերը, իսկ գերշահույթն ունենալու է միայն «Լիդիան» ընկերությունը»,–ասել է նա։
Դիտարկմանը, եթե այնուամենայնիվ հանքը շահագործվի, կշարունակի՞ մնալ «Իմ քայլը» խմբակցությունում, Հովսեփյանը պատասխանեց. «Կմնամ թե չէ «Իմ քայլում», սա, կարծում եմ, ամենաչնչին քննարկելիք հարցն է կարևոր հարցերի կողքին, ուստի նախընտրում եմ համախմբվել և կառավարություն-օրենսդիր մարմին- ժողովուրդ համատեղ գտնել լավագույն լուծումը, որից կշահի ամեն մի քաղաքացի և մեր երկիրը այլևս օտարների աչքերում չի դիտարկվի որպես ոսկի որոնելու տեղ, այլ կդիտարկվի առաջադեմ մարդկանց երկիր»: