Մանվելը համ ԳԱԻ պետ էր աշխատում, համ գեներալ. Սեյրան Սարոյանը խոստովանեց, որ Էջմիածնում վախի մթնոլորտ է եղել
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը համոզված է, որ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի օրոք Էջմիածնում վախի մթնոլորտ է եղել: «Եղել է, ո՞նց չի եղել»,-ասաց նա՝ հավելելով. «Մի հատ Մանվել էր, համ ԳԱԻ պետ էր աշխատում, համ գեներալ: Մանվելի «չեպե»-ն մենակ էն ա եղել, որ տեսնում էր, մեկը «նարուշենի» է անում, բռնում ավտոյի «զալատիկներն» իջացնում էր: Մանվելն ինքն իրեն վերապահել էր, որ դու խախտում չանես»:
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված սեփականության վկայականներին, որոնք վերադարձվել են համայնքին, Սեյրան Սարոյանն ասաց, որ այդ ամենը դատարանում կպարզվի, թե ումից են առել, փող վերցնողն ով է և այլն:
Անդրադառնալով երկրում տեղի ունեցած փոփոխություններին և հեղափոխությանը, Սեյրան Սարոյանը ասաց. «Մենք հեղափոխություն ենք արել, որ արդարադատություն ունենանք»:
Հարցին, թե ինքն է՞լ է հեղափոխությանը մասնակցել, նա պատասխանեց. «Բա ես ո՞ւր էի»:
Սարոյանն ընդգծեց, որ ինքը կողմ է եղել, որ Սերժ Սարգսյանը մնա, բայց ժողովուրդն ուրիշ բան ուզեց. «Ժողովուրդ ասեց՝ հելեք, գնացեք: Ի՞նչ ասեի, ասեի՝ չէ, էս պապուս աթոռն ա, չեմ տալի՞ս»:
Հարցին, թե գո՞հ է նոր իշխանությունից, Սեյրան Սարոյանը դրական պատասխան տվեց. «Նորմալ է, ի՞նչ է եղել, հլը մի տարի է»: