ԱԱԾ–ն կուսումնասիրի Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումները
Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԶԼՄ-ներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ԱԱԾ՝ դրանցում առկա հանգամանքներն ստուգելու նպատակով:
Հրապարակումները վերաբերվում են Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումներին, որով վերջիններս հայտնում են Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործարք տեղի ունենալու մասին: Հրապարակումները ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ԱԱԾ՝ դրանցում առկա հանգամանքներն ստուգելու նպատակով:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Բնապահպանության և ընդերքի պետական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը գրել էր, որ իր նշանակման օրվանից սկսած Ավինյանի գրասենյակը լծված է եղել իր ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին.
«Երբ չստացվեց, սկսեցին լոբբինգ անել, որ ես ուժը կորցրած ճանաչեմ տեսչության ընդունած ստուգման ակտը, կատարողները Ավինյան-Աղաջանյան զույգը՝ իրենց տեղակալ-օգնականներով»,–գրել է Գրիգորյանը՝ նշելով, որ գործ ունենք հրեշավոր ստի հետ, եւ լիբանանյան փորձաքննությունը բացարձակ ֆիկցիա էր։
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն էլ գրել էր, որ որևէ կասկած չունեմ, որ Ամուլսարի հարցում կառավարությունը գնացել է կոռուպցիայի:
«Դրանում ոչ մի, կրկնում եմ` ոչ մի կասկած այլևս լինել չի կարող:
Ստախոս, խաբեբա և հիմա արդեն ժողովրդին ու երկրին դավաճանող կառավարությունը պետք է նախ հետ կանգնի Ամուլսարը բացելու իր որոշումից»,–գրել է նա։