Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան Ամուլսարի շահագործումը դադարեցնելու համար. Վլադիմիր Կարապետյան
Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան Ամուլսարի շահագործումը դադարեցնելու համար, չի ասել, որ պետք է շահագործվի: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը` նշելով, որ հանդիպման ընթացքում որևէ եզրահանգման չեն եկել:
«Վարչապետն ուրիշ բան է ասել: Նա ասել է, որ այս պահին հիմքեր չկան շահագործումը դադարեցնելու համար, չի ասել, որ պետք է շահագործվի: Ես չեմ կարծում, որ ամբողջ ընթացակարգն ավարտվել է, կսպասենք վերջնական, ինչպես միշտ ասել ենք՝ ամեն ինչ շատ թափանցիկ է լինելու, քննարկում է լինելու»,- ասաց նա` նշելով, որ վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկման սղագրությունը մի քանի ժամից կհրապարակվի, որը կտա շատ հարցերի պատասխաններ:
Վարչապետի խոսնակը հավելեց, որ այս պահի դրությամբ նոր փորձաքննության անցկացման հիմքեր չկան:
Վլադիմիր Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ հեռացավ Բաղրամյան 26-ից:
Փաստաբան Գեղամ Սիմոնյանն էլ նրան դիմեց ասելով. «Պարոն խոսնակ, ժողովրդավարությունը Հայաստանում մեռավ կեցցե թավշյա ավտորիտարիզմը, փոխանցեք վարչապետին»:
Քիչ առաջ էլ Վլադիմիր Կարապետյանը գրառում էր կատարել Facebook-ում, ըստ որի՝ Վարչապետն առավոտյան պատկան մարմինների ներկայացուցիչների հետ քննարկել է Ամուլսարի հարցը: