Հյուսիսային պողոտայում միջադեպ է գրանցվել Վահագն Չախալյանի մասնակցությամբ. Նրան ևս բերման են ենթարկել
Երևանի Հյուսիսային պողոտայում օգոստոսի 18-ի երեկոյան միջադեպ է գրանցվել «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի մասնակցությամբ:
Վահագն Չախալյանին և ևս մի քանի հոգու ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանություն, ապա ազատ արձակել: Ըստ մամուլի տեղեկությունների, մի խումբ անձինք հարձակվել են Չախալյանի վրա:
Այս առնչությամբ, Վահագն Չախալյանը գրառում է արել Facebook-ի իր էջում, որտեղ նշել է. «Երեկ երեկոյան իմ անձի վրա տեղի ունեցած կանխամտածված հարձակումն անհապաղ պետք է պարզեն և հրապարակեն ՀՀ անվտանգության մարմինները:
Ոչինչ չի կարող ազդեցություն ունենալ Հայկական Արժեքների Պաշտպանության մեր առաքելության վրա՝ լինի Երևանում թե Գյումրիում, ՀՀ քաղաքներում թե բնակավայրերում, մենք մեզ զգում ենք ինչպես տանը և դա անցած շաբաթներին մեզ ցույց է տվել մեր ազգաբնակչությունը:
Մենք կարող ենք ինքներս պատժել և՛ սադրիչներին, և՛ նրանց ուղարկողներին և դա կանենք, եթե ՀՀ իրավապահ մարմիններն անհապաղ չկատարեն Սահմանադրությամբ իրենց վրա դրված պարտականությունը, այս պահին միայն այսքանը:
Ժողովուրդ ջան այսօր մենք կհանդիպենք Երևանում և Աշտարակում, վաղը կլինենք նաև Ապարանում: Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու, չի վավերացվելու և վերջ, Հայաստանը վաճառքի ենթակա չէ և Հայաստանը չի վաճառվելու, հայությանը ստրուկի կարգավիճակ չի տրվելու»:
Միջադեպի առնչությամբ, ոստիկանությունից հայտնել են հետևյալը. «Օգոստոսի 18-ին ժամը 23:50-ին Ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Հյուսիսային պողոտայից ծեծի ենթարկելու կասկածանքով ոստիկանության բաժին են ներկայացրել 4 քաղաքացու, որտեղ պարզվել է, որ վերջիններս միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել:
Նրանք հրաժարվել են հաղորդում տալուց: Նշանակված են դատաբժշկական փորձաքննություններ, նախապատրաստվում են նյութեր»: