Ամուլսարը ոչ միայն ոսկու հանք է, այլև լյուստրացիայի. Արման Բաբաջանյան
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Պարզվում է Ամուլսարը ոչ միայն ոսկու հանք է, այլև լյուստրացիայի։ Ամուլսարը յուրօրինակ ներքաղաքական լյուստրացիայի առիթ դարձավ` բոլորի դեմքերը բացահայտվեցին, և դեռ ամենայն հավանականությամբ այս ամենը շարունակություն է ունենալու:
Սակայն յուրաքանչյուր լյուստրացիա կարող է միջոց լինել, ոչ երբեք նպատակ:
Եվ ըստ այդմ` ներկայիս լյուստրացիոն իրականությունը հարցեր է առաջ բերում հասարակական պատրաստվածության առումով: Հասարակությունը ինչքանով է պատրաստ օգտվել այս լյուստրացիոն վիճակից։ Սա հասարակական տեսանկյունից այսօր թիվ մեկ հրամայականն է:
Հասարակությունը լսեց, տեսավ, դիտեց, հետաքրքրվեց, զվարճացավ, զարմացավ և զայրացավ, սակայն այս ամենը լոկ հանդիսատեսի կարգավիճակին բնորոշ իրողություններ են: Ավելին` հանդիսատեսը նույնիսկ կինոթատրոնից, թատրոնից և անգամ կրկեսից դուրս գալուց հետո տպավորություններ է ունենում, որոնք անկասկած հիմք են ինչ-որ մտորումների համար: Հենց այստեղ էլ արդեն հանդիսատեսը հատվում է քաղաքացի եզրույթի հետ, և այստեղ արդեն ներկայացումը հատվում է իրականության հետ:
Մենք հանդիսատե՞ս ենք, թե՞ քաղաքացի, մեզ ներկայացո՞ւմ են մատուցել, թե՞ մենք լյուստրացիայի ենք ականատես եղել, որն այսօրվանից պետք է փորձենք ծառայեցնել անհրաժեշտ հետևություններ ու եզրահանգումներ անելուն:
Մենք կանգնած ենք այս հարցադրման առաջ, մենք իրավունք չունենք խուսափել, մենք իրավունք չունենք մնալ հանդիսատես, պետության, մեր զավակների, մեր բոլորիս ապագան կախված է նրանից, թե ինչքան արագ մենք հանդիսատեսից կվերածվենք քաղաքացու:
Մենք ժամանակ չունենք: