12 եպիսկոպոս իրավունք ունի մասնակցելու Պոլսո պատրիարքի ընտրություններին
Պոլսո պատրիարքի տեղապահ ընտրված Սահակ եպիսկոպոս Մաշալյանը առաջիկայում նամակներ կուղարի 12 եպիսկոպոսների՝ ճշտելու՝ պատրաստվում են արդյոք իրենց թեկնածությունն առաջադրել մինչև Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։
Առաջիկայում պետությունը կտրամադրի կանոնադրություն՝ ինչպես կազմակերպել պատրիարքի ընտրություններ։ Էստուկյանը նշել է, որ նախորդ շաբաթ պատրիարքի ընտրությունները համակարգող մարմինը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հետ։ Վերջինս տեղեկացրել է, որ որևէ խնդիր պատրիարքի ընտրությունների հետ կապված չի առաջանալու և որ մինչև տարեվերջ այդ ընտրությունները տեղի կունենան։ Էստուկյանը նշել է, որ կարևոր է՝ շատ թեկնածուներ առաջադրվեն, մրցակցությունը ոչ թե երկուսի, այլ շատերի միջև լինի։
«Տեսեք՝ 12 եպիսկոպոս կարող է առաջադրվել։ 12 հոգի համապատասխանում են առաջադրման չափանիշներին։ Պետության կողմից կանոնադրությունը ստնալուց հետո, իսկ դա կարող է տեղի ունենալ ամեն վայրկյան, տեղապահը 12 եպիսկոպոսներին էլ կուղարկի նամակ՝ պարզելու՝ նրանցից քանիսն են մասնակցելու պատրիարքի ընտրությանը։ Նախկինում առաջադրվելու ցանկություն էին հայտնել չորսը՝ Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Արամ Աթեշյանը, Սահակ Մաշալյանը։ Հիմա դիմում կհանձնվի նրանց»,-ասել է Էստուկյանը։
Ի դեպ, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նույնպես հնարավորություն ունի առաջադրվելու։