Հոնկոնգի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցառումները հսկայական հերթեր են առաջացրել
Հոնկոնգի օդանավակայանում, որտեղ տերմինալում մուտք գործելու հատուկ ռեժիմ է սահմանվել, շաբաթ երկար հերթեր են գոյացել եւ անհարամարություններ առաջացրել ուղեւորների համար:
Տեղական հեռուստատեսությունը հաղորդում է, որ շենքի մուտքի մոտ մարդկանց մեծ կուտակումներ են առաջացել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ուղեւորներին խորհուրդ է տրվում օդանավակայան ժամանել թռիչքից առնվազն 3 ժամ առաջ:
Անվտանգության նկատառումներից ելնելով` օդանավակայանի ղեկավարությունը նախորդ չորեքշաբթիից մեկնման և ժամանման սրահների մուտքի սահմանափակումներ է սահմանել՝ տերմինալ ներս թողնելով միայն տոմսերով ուղեւորներին և անձնակազմին:
Շենքի բոլոր մուտքերի մոտ պատնեշներ եւ հսկիչ կետեր են գտնվում: Մուտք գործելու համար անհրաժեշտ է ներկայացնել առաջիկա 24 ժամվա ընթացքում թռիչքի տոմս եւ անձը հաստատող փաստաթուղթ: Հաղորդվում է, որ նման ռեժիմը կգործի «մինչեւ հաջորդ ծանուցումը»:
Անցյալ շաբաթվա վերջին Չեկ Լապ Կոկ միջազգային օդանավակայանում զանգվածային ցույցեր էին սկսվել, որոնք սկզբում տեղի էին ունենում ժամանումների սրահում եւ չէին խանգարում ուղեւորների գրանցմանը:
Երկուշաբթի եւ երեքշաբթի ցուցարարները արգելափակել էին նաեւ մեկնման սրահը, ինչը հարյուրավոր թռիչքների չեղարկման էր հանգեցրել:
Երեքշաբթի երեկոյան ոստիկանությունը պղպեղի գազ եւ ռետինե մահակներ էր կիրառել ցուցարարների խմբերի դեմ, որոնք մայրցամաքային Չինաստանից երկու անձանց պատանդառել էին, կապել եւ ծեծել, այդ թվում լրագրողի՝ նրանց «թաքնված գործակալներ» համարելով:
Հատուկ ռեժիմի սահմանումից հետո օդանավակայանի շենքում ցուցարարներ գրեթե չեն մնացել: