Քարանձավային արջերը ոչնչացել են նախնադարյան մարդու պատճառով. հետազոտություն
ԴՆԹ նոր հետազոտությունների համաձայն՝ Եվրոպայում քարանձավային արջերը մոտ 24 հազար տարի առաջ ոչնչացել են նախնադարյան մարդու պատճառով, հայտնում է Independent-ը:
Scientific Reports պարբերականում հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն՝ արջերի պոպուլյացիայի կտրուկ նվազումը սկսվել է մոտ 40 հազար տարի առաջ: Այս գործընթացը համընկել է Եվրոպայում անատոմիապես ժամանակակից մարդկանց հայտնվելու հետ և նախորդել է կլիմայի սառելուն:
Հետազոտողների խումբը՝ Ցյուրիխի և Տյուբինգենի համալսարանների գիտնականներ Վերենա Շունմանի և Հերվ Բոշերենի ղեկավարությամբ վերականգնել են քարանձավային արջերի ոսկորներից 59 միտոքոնդրիալ գենոմներ:
Նմուշները վերցվել են Շվեյցարիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Սերբիայի 14 տեղանքներից:
Այնուհետև գիտնականները ստացված գենոմները համեմատել են նախորդ 64 միտոքոնդրիալ գենոմների հետ՝ պարզելու համար, թե քարանձավային արջերի տարբեր պոպուլյացիաներ ինչպիսի տեղանքներում են ապրել և ուշ պլեյստոցենի շրջանում (ներառում է վերջին սառցե ցիկլը) ինչպիսին է եղել նրանց միգրացիան: