Խոշոր հրդեհ Լոռու մարզում. հրշեջների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում կանխվել է կրակի մուտքը անտառ (Լուսանկարներ)
Երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:22-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի 2-րդ տան հարակից հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի եւ Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ: Հրդեհաշիջմանը մասնակցել են նաեւ անտառտնտեսության աշխատակիցները:
Աշխատանքները ղեկավարել է Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շնորհիվ փրկարարների օպերատիվ ու ճիշտ գործողությունների՝ մոտ 30 րոպե անց հրդեհն ամբողջությամբ մարվել է, ինչպես նաեւ կանխվել կրակի մուտքը հարակից անտառ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի: