Դատավորները արտահերթ ժողով էին գումարել, որի օրակարգում ԲԴԽ անդամի ընտրության հարցն էր, սակայն ժողովը չկայացավ. Քվորում չկար
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր՝ օգոստոսի 16–ին, Դատավորների արտահերթ ընդհանուր ժողով էր գումարվել, որի ընթացքում պետք է ընտրվեր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ:
Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրությունն ընթանալու է 5 դատավորների միջև. նրանք են՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Սուրեն Անտոնյանը, Մամիկոն Դրմեյանը, Գոռ Հակոբյանը, Ստեփան Միքայելյանը, Տիգրան Պետրոսյանը:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղն առաջացել էր այն բանցի հետո, երբ Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը մեծ աղմուկից հետո ԲԴԽ անդամ ընտրվելուց և մի քանի օր պաշտոնավարելուց հետո հրաժարական էր տվել։ Ներկայումս ԲԴԽ–ում թափուր է մեկ դատավոր և մեկ իրավաբան–գիտնական անդամի տեղ։
Սակայն դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ։
Նշենք, որ ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Իսկ Հայաստանում ներկայումս կա գործող 234 դատավոր։ Ընդհանուր ժողովին ներկայացել էր մոտ 70 դատավոր, ինչի պայմաններում ժողովը չէր կարող համարվել իրավազոր։