Քաղբանտարկյալների արդարացման համար բացվում է իրավական ճանապարհ. ՀԱԿ իրավական հարցերի համակարգող Արմեն Խաչատրյան
Վճռաբեկ դատարանը օգոստոսի 13-ին վարույթ է ընդունել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի ներկայացրած բողոքը: Այդ մասին տեղեկանում ենք «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանն իր գործով տասը տարի անց վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ գործն, ըստ էության, լուծող դատական ակտի դեմ:
Խոսքը վերաբերում է դեռևս 2008-ի փետրվարի 23-ին դեպքին: Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության վարչական շենք մտնելու պահին, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցներին, ձեռքով հարվածել է վարչության աշխատակից Արման Հարությունյանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, պատռել նաև Տիգրան Աղվանյանի համազգեստը: Այսպիսով, Ջհանգիրյանը կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչների նկատմամբ:
Նրան 2008-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 2009-ին դատարանը մեղավոր էր ճանաչել Գագիկ Ջհանգիրյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման՝ 3 տարի ժամկետով: 2009-ին Գագիկ Ջհանգիրյանը առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել է Վերաքննիչում, սակայն Վերաքննիչ ատյանը այն թողել էր անփոփոխ։ Այժմ Ջհանգիրյանն անձամբ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան։ Գործը մակագրվել է Վճռաբեկ դատարանի դատավոր Արթուր Պողոսյանին:
ՀԱԿ իրավական հարցերի համակարգող Արմեն Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Գագիկ Ջհանգիրյանը Վճռաբեկ դատարան բողոք է բերել Քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով: «Սա այն դրույթն է, որով, ինչպես Սահմանադրական դատարանն է նշել, ՍԴՈ-1431 որոշմամբ` անկախ սահմանված ժամկետում համապատասխան դատական ակտը չբողոքարկելու պատճառից՝ իրավական պետությունում չպետք է հանդուրժվի արդարադատության բուն էությունը խաթարող՝ դատապարտյալի հիմնարար իրավունքները խախտող դատական ակտի գոյությունը»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ, այլ կերպ ասած, այս նորմը հնարավորություն է տալիս, անկախ ժամկետից, բողոքարկել դատական ակտը, եթե կատարվել է արդարադատության չարաշահում: «Կարծում եմ, որ Ջհանգիրյանի բողոքը վարույթ ընդունելը մեր տղաների արդարացման համար բացում է իրավական ճանապարհ, և մենք այս հնարավորությունից անպայման օգտվելու ենք հնարավորինս շատ»,-ընդգծեց Արմեն Խաչատրյանը։