Օդի ջերմաստիճանը այսօր ևս կբարձրանա՝ հասնելով մինչև 40 աստիճանի
Հայաստանի տարածքում օգոստոսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն, օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը ևս կշարունակի բարձրանալ` հասնելով մինչև 40 աստիճանի:
Նախարարությունը նաև զգուշացնում է, որ առաջիկա հինգ օրերին հովտային և նախալեռնային շրջաններում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Նախարարությունը հորդորում է հնարավորինս խուսափել ցերեկային ժամերին գտնվել կիզիչ արևի տակ, օդափոխությունից զուրկ փակ տարածքներում:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները՝ Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն: