Թուրքիայի Սիդե եւ Ալանիա հանգստավայրերի առեւտրականներն ու արհեստավորները դիմել են իշխանություններին՝ խնդրելով վերանայել հյուրանոցների all inclusive համակարգը
Թուրքիայի Սիդե եւ Ալանիա հանգստավայրերի առեւտրականներն ու արհեստավորները դիմել են իշխանություններին՝ խնդրանքով վերանայել հյուրանոցների all inclusive («ամեն ինչ ներառված է») համակարգը, գրում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով տուրօպերատորների ասոցիացիային:
Թուրքիայի տուրիզմի եւ մշակույթի նախարարությանն ուղղված նամակում Մանագավթի առեւտրաարդյունաբերական պալատը նշում է, որ տվյալ համակարգը վնաս է հասցնում այլ բիզնեսներին: Նամակում պալատը հիշեցնում է այն մասին, որ Թուրքիան նախընտրում է որակյալ զբոսաշրջիկի, որը կարող է այցի ընթացքում առնվազն հազար դոլար ծախսել:
Պալատի անդամների խոսքով՝ all inclusive համակարգը կոչնչացնի իրենց բիզնեսը, իսկ այդ ձեւաչափի ստանդարտների վերանայումը թույլ կտա «մասնավոր մրցակցության» հասնել: Նրանց խոսքով՝ այսօր զբոսաշրջիկները նստում են հյուրանոցներում, չեն ճանապարհորդում եւ գումար չեն ծախսում հյուրանոցից դուրս ուտելիքի եւ գնումների համար:
Ալանիայի արհեստավորները եւս համակարծիք են: Նրանք կողմ են առավել արմատական փոփոխություններին եւ պահանջում են լիովին չեղարկել քաղաքի կենտրոնում all inclusive համակարգը:
Փորձագետների խոսքով՝ 2018թ. հետ համեմատ՝ առեւտրի ոլորտի ծախսերն աճել են 20%-ով: