Շարմ Էլ Շեյխում դրսում հայտնված հայ ընտանիքների խնդիրը, կարծես թե, կարգավորվել է
Շարմ Էլ Շեյխում դրսում հայտնված 3 երեք ընտանիքների խնդիրը, կարծես թե, կարգավորվել է։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Եգիպտոսում մնացած զբոսաշրջիկներից Անահիտ Սերոբյանը։
«Տուրօպերատորը գումար է փոխանցել մեկ այլ անձի միջոցով, և սպասում ենք, որ մուտքագրվի հյուրանոցի հաշվեհամարին։ Երեկվանից տեղափոխվել ենք այլ հյուրանոց, նախնական վճար կատարել ենք, մինչև մնացած օրերի համար վճարի տուրօպերատորը»,–նշել է նա։
Ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Շարմ Էլ Շեյխ հանգստի մեկնած 10 հոգանոց հայերի խումբը հայտնվել է փողոցում :
Տուրիստական փաթեթները նրանք ամրագրել են «Info travel» տուրիստական գործակալությունում։
«Մենք 10 օրվա համար ենք վճարել, բայց երեկ հյուրանոցում ասացին, որ միայն 6 օրվա համար է վճարված, երեկվանից դրսում ենք, հյուրանոցներում ազատ տեղ չկա, երեք ընտանիք ենք՝ 10 հոգով, մեզ հետ մանկահասակ երեխաներ կան»,– պատմել էին նրանք։
«Info travel» ընկերությունից հայտնել էին, որ խնդիրը կապված է Շարմ Էլ Շեյխի հյուրանոցի հետ և հավաստիացրել էին, որ խնդիրն արդեն հարթվել է։