Երեկ երեկոյան ինքնաբուխ հավաք և ավտոերթ է տեղի ունեցել Ջերմուկում՝ ի պաշտպանություն Ամուլսարի (Լուսանկարներ)
Երեկ երեկոյան ինքնաբուխ հավաք և ավտոերթ է տեղի ունեցել Ջերմուկում՝ ի պաշտպանություն Ամուլսարի։ Այս մասին տեղեկություն է հրապարակվել Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության ֆեյսբուքյան էջում, կից տեղադրվել են նաև ակցիայից լուսանկարներ։
Նախաձեռնությունը նաեւ վստահեցրել է, որ «Քննչականի մանիպուլատիվ ասուլիսները բան չեն փոխելու»:
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 14-ին, Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի հանքավայրի փորձաքննության վերջնական եզրակացությունը, որ պատվիրվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Ըստ փորձաքննության արդյունքների՝ հավանականությունը շատ ցածր է, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտումը փոխանցելու ուղիներ առկա չեն:
Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված՝ պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն էլ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ամուլսարի գործով քրեական հետապնդման հիմքեր չկան