Հայաստանն ահռելի ներուժ ունի կանեփի բուժական տեսակի արտադրության համար
Հայաստանն ահռելի ներուժ ունի կանեփի բուժական տեսակի արտադրության համար: Օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Արմերիկա» ԲԲԸ հիմնադիր-տնօրեն Ռուբեն Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ իրենց ձեռնարկությունը Հայաստանում առաջինն է պատրաստ սկսել կանեփի խեմպ տեսակի աճեցումն ու վերամշակումը, ընդ որում՝ արտադրությունը մինչեւ միջազգային բարձրության հասցնելու երաշխիքով: «Կանեփի այս տեսակը բաղադրությամբ բացարձակապես չի համապատասխանում այն տեսակին, որից մարիխուանա են ստանում: Աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ ԵՄ-ում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում խեմպի աճեցումն օրինականացված է»,- նշեց նա:
Մկրտչյանը հավելեց, որ նախօրեին իրենք իշխանությունների բանավոր թույլտվությունն են ստացել խեմպի փորձնական աճեցման համար, սակայն գրավոր թույլտվություն դեռեւս չկա: «Համաձայնությունը ձեռք է բերվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ներկայացուցիչների հետ: Նախատեսված է խեմպ աճեցնել Դիլիջանում, Վարդենիսում, Սուրենավանում: Ցավոք, թույլտվությունը տվեցին 3 ամիս ավելի ուշ, քան անհրաժեշտ է, քանի որ Հայաստանի կլիմայական պայմաններում բերքը կարելի է հավաքել սեպտեմբեր-հոկտեմբերին: Արտադրությունը կարող է օգտագործվել բժշկական, կոսմետիկ, տեքստիլ եւ այլ նպատակներով»,- պարզաբանեց տնօրենը:
Ձեռներեցը հավաստիացրեց, որ եթե վերջնական թույլտվություն ստացվի, ապա ներդրումների չափը կհասնի 5-ից մինչեւ 50 մլն դոլարի, իսկ աշխատատեղերի թիվը, հաշվի առնելով արտադրության ճյուղավորվածությունը, մինչեւ 10 հազարի: «Արտադրանքի իրացման խնդիրներ չկան, քանի որ ամբողջ աշխարհում անսահման պահանջարկ կա եւ մշտապես աճում է»,- եզրափակեց նա:
Ընկերության ներկայացուցիչ Իշխան Հովհաննիսյանի խոսքով՝ կանեփի այս տեսակի աճեցումը կօգնի լուծել մեծ թվով բնապահպանական խնդիրներ, քանի որ կարելի է գործնականում դադարեցնել արդյունաբերական նպատակներով անտառահատումը, հողը մաքրել ծանր մետաղներից: «Խեմպից կարելի է ստանալ 4 անգամ ավելի շատ ցելյուլոզա, քան փայտից: Կարելի է այս տեսակի արտադրության ծավալը մեծացնել ջերմոցների հնարավորության օգտագործման դեպքում»,- պարզաբանեց նա: