Հնարավոր է՝ Պակիստանը Աֆղանստանի սահմանից զորքերը տեղափոխի Հնդկաստանի սահման
Հնարավոր է՝ Պակիստանը Աֆղանստանի սահմանից զորքերը տեղափոխի իր արեւելյան սահման՝ կապված Ջամու եւ Քաշմիր նահանգի հատուկ սահմանադրական կարգավիճակը չեղարկելու Հնդկաստանի որոշման հետ: Երեկ The New York Times պարբերականը հայտնել էր, որ պարբերականի խմբագրի հետ զրույցում այդպիսի հնարավորությունը չէր բացառել ԱՄՆ-ում Պակիստանի դեսպան Ասադ Մաջիդ Խանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Եթե արեւելյան սահմանին իրավիճակը սրվի, ապա մենք ստիպված կլինենք իրականացնել զորքերի տեղափոխումը,- հայտարարել էր նա: - Այս պահին մեր մտահոգությունն է միայն այն, թե ինչ է տեղի ունենում մեր արեւելյան սահմանին»:
Այս կապակցությամբ պարբերականը նշել էր, որ Քաշմիրի պատճառով Պակիստանի եւ Հնդկաստանի հարաբերությունների լարվածության պայմաններում աֆղանական սահմանից պակիստանյան զորքերի տեղափոխման հնարավորությունը կարող է նոր տարր մտցնել [թալիբների հետ] խաղաղ բանակցություններում, որոնք, ենթադրաբար, եզրափակիչ փուլում են եւ պետք է դադարեցնեն Աֆղանստանում գրեթե 2 տասնամյակ տեւած ամերիկան ռազմական միջամտությունը:
Ավելի վաղ ԱՄՆ Աֆղանստանի հարցով հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադը արդյունավետ էր անվանել Վաշինգտոնի եւ «Թալիբան» արմատական շարժման միջեւ բանակցությունները, որի 8-րդ փուլն ավարտվել է երկուշաբթի Կատարի մայրաքաղաք Դոհայում: