Պակիստանը խնդրել է շտապ ՄԱԿ ԱԽ նիստ անցկացնել Հնդկաստանի գործողությունների պատճառով
Պակիստանի ԱԳ նախարար Շահ Մեհմուդ Քուրեշին ՄԱԿ-ին նամակ է հասցեագրել՝ խնդրելով գումարել Անվտանգության խորհրդի շտապ նիստ՝ պայմանավորված Ջամու և Քաշմիրին առնչվող Հնդկաստանի գործողություններով:
«Ես կցանկանայի խնդրել Անվտանգության խորհրդի շտապ նիստ անցկացնելու մասին՝ օրակարգում «հնդկա-պակիստանյան հարց» կետով, որպեսզի քննարկվի Հնդկաստանի վերջերս իրականացրած գործողությունների հետևանքով առաջացած իրավիճակը, որոնք սպառնում են միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը և սասանում են Ջամու և Քաշմիրի միջազգայնորեն ճանաչված վիճելի կարգավիճակը»,- նշված է նամակում, որի պատճենը «ՌԻԱ Նովոստի»-ի տրամադրության տակ է:
Պակիստանի ԱԳ նախարարի խոսքով՝ Հնդկաստանը միակողմանի կարգով ձգտում է փոխել այս տարածքի ժողովրդագրական կառուցվածքը, խախտում է Քաշմիրի ժողովրդի հիմնական իրավունքները՝ ներառյալ նրանց ինքնորոշման անքակտելի իրավունքը:
Քուրեշին նաև խնդրել է, որպեսզի ԱԽ նիստին թույլ տան մասնակցել Պակիստանի կառավարության ներկայացուցչին:
Օգոստոսի 5-ին Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթհ Քովինդը հրաման էր ստորագրել Ջամու և Քաշմիրի հատուկ կարգավիճակի չեղարկման մասին, որն ամրագրված է երկրի հիմնական օրենքի 370-րդ հոդվածով: Ըստ դաշնային կառավարության նախաձեռնության՝ դրա տեղում կստեղծվեն 2 միութենական տարածքներ, որոնք ավելի քիչ իրավունքներ կունենան, քան նահանգը: Այս նախաձեռնությունը հաջորդ օրը ստացել էր խորհրդարանի հավանությունը:
Հարևան Պակիստանը, որն ավանդաբար հանդես է գալիս Հնդկաստանի մուսուլման փոքրամասնության աջակցությամբ, որը բնակվում է Քաշմիրում, վճռականորեն հանդես էր եկել այս քայլի դեմ: Երկրի վարչապետ Իմրան Խանը կարգադրել էր հատուկ կոմիտե ստեղծել Ջամու և Քաշմիրի վերաբերյալ Հնդկաստանի որոշմանը իրավական, քաղաքական և դիվանագիտական պատասխան մշակելու համար: Իսլամաբադը հայտարարել էր Հնդկաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցման, երկկողմանի առևտրի դադարեցման և այդ երկրի հետ մի շարք պայմանավորվածությունների վերանայման մասին: