«Կարծում եմ՝ զինծառայողն ուղղակի մոլորվել է». Դավիթ Տոնոյան
Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, Դիլիջանում լրագրողների հետ զրույցում տեսակետ հայտնեց ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը.
«Դեռևս իրականացվում է հետաքննություն, ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է»,–նշեց նա։
Արձագանքելով ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին, թե իբր հայ զինծառայողը սահմանը հատել է հրամանատարների կողմից ճնշումների պատճառով՝ Տոնոյանը հորդորեց չընկնել ադրբեջանական քարոզչամեքենայի հետևից, և չտարածել այդ տեղեկությունները. «Ես ներքին համոզմունք ունեմ, որ ինքն ուղղակի մոլորվել է»։
Հարցին՝ արդյոք քայլեր արվո՞ւմ են հայ զինծառայողին վերադարձնելու ուղղությամբ, Տոնոյանը ասաց, որ աշխատանքներն արդեն սկսել են և համապատասխան միջազգային կառույցներին դիմել են:
ՊՆ նախարարն ասաց, որ դեռ չի կարող ասել՝ արդյոք զինծառայողը հոգեկան խնդիրներ ունեցել է, թե ոչ. «Դա պարզ կլինի աշխատանքի արդյունքում։ Ցավալի դեպք է բոլորիս համար, բայց կարծում եմ՝ նորմալ է անցնելու։ Կոչ եմ անում Ադրբեջանի իմ կոլեգաներին՝ այդ տեղեկատվական աշխատանքը դադարեցնել»:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ երեկ՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդեց նաև, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանին: