ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ընդունել է «Մուդիզ» միջազգային վարկանշային կազմակերպության ներկայացուցիչներին
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ օգոստոսի 12-ին, ընդունել է «Մուդիզ» միջազգային վարկանշային կազմակերպության ներկայացուցիչներին:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին, երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին։
Եվրամիության հետ համագործակցության համատեքստում ԱԳ նախարարն արժևորել է Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ որպես կարևոր գործիք Հայաստանում ընթացող բարեփոխումները խթանելու համար:
Զոհրաբ Մնացականյանը զրուցակիցներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ առանձնահատուկ կարևորելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացումը: